aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

  • Mood:

«Այլընտրանքը» եւ հասարակության ատամհատիկը

«Այլընտրանքը» եւ հասարակության ատամհատիկը
Նախքան ի՛նձ հավատալը, հավատա ինքդ քե՛զ

I don't believe in magic
I don't believe in Kennedy
I don't believe in Kings
I just believe in me...¯
Ջոն Լենոն

Ինքնամաքրում

Մայթով ինձ դեմ հանդիման քայլող մոտ 50 տարեկան տղամարդը քիթը մաքրեց ուղիղ մայթի կենտրոնում, եւ որդիս՝ Արեգը, զարմացած հարց ուղղեց ինձ. «Հայրիկ, ինչու՞ էն մարդը խնչեց մայթին»։ Մեր բակով անցնելիս նկատեցի գետնին ընկած օգտագործված ու գունդուկծիկ արված, դեղնաշագանակագույն մի «պամպերս», որ նետել էին պատուհանից կամ պատշգամբից։ Երեկ ՙՍԱՍ՚ խանութի դիմաց 55 555 պետհամարանիշով Պորշե «Կայենը» ներսում՝ երկու երիտասարդ «կայեններ», դուրս էր եկել Ամիրյան փողոցի հանդիպակաց ուղի եւ կանգնել ուղիղ հետիոտնի անցումի վրա։ Պորշեն այդ բանուկ ժամին ու քաղաքի այդ բանուկ հատվածում մրցման մեջ էր մտել 77 777 պետհամարանիշով ու մթնեցրած ապակիներով մի ՙնիվայի՚ հետ։ Վարչապետը ՙսեփական միջոցներով՚ բնակարան է գնում եւ կուսակցության քարոզարշավի (ապօրինի) շրջանակներում նվիրում մի գյումրեցու, եւ դա ընկալվում է որպես գովելի արարք։ Տաքսիստը հայհոյում է խաչմերուկում դիմացը կտրած մեկ այլ վարորդի եւ կարմիր լույի տակով անցնում հաջորդ իսկ խաչմերուկում։ Այս շարքը, որը բնութագրում է մեր հասարակության ներկա վիճակը, կարելի է շարունակել անվերջ...

Նման դիպվածներ ներկայացնելու իմաստը համատարած հուսահատությունը խորացնելը չէ, ոչ էլ ապացուցելը, թե իբր հայերի տեսակն ի սկզբանե դատապարտված է, «դե էս երկիրն էլ երկիր չէ, էլի՛»։ Ոչ, նպատակը ցուցադրելն է, որ հասարակության շտկումը, մեր կյանքի ընթացքի բեկումը յուրաքանչյուրս մեզնից, մեր ընտանիքից, մեր շրջապատից ու մեր բակից պետք է սկսենք։ Յուրաքանչյուրս պետք է կամք գործադրենք եւ թռչենք մեր գլխից վեր, որպեսզի մեր երեխաների ծնունդն ու կյանքն իմաստավորվեն այս հողի վրա։ Որ ասում եմ ՙմեր երեխաներ՚, նկատի ունեմ թե օլիգարխների երեխաներին, թե ՙայլընտրանքայինների՚, թե հանցագործների, թե գործազուրկների, թե ընդդիմադիրների եւ թե իշխանավորների երեխաներին։

Այսօր, ընտրությունների ներկա փուլում, մեր հասարակությանը ես նմանեցնում եմ ատամհատիկ նշող երեխայի. նրա դիմաց լցրել են մի բուռ կարտոֆիլ, մի բուռ ասֆալտ ու մի կապ էլ տուկի թել։ Եվ շատերս ուշի ուշով հետեւում ենք, տեսնենք էս երեխան հանկարծ կվերցնի՞ գրիչ, վրձին, բահ կամ էլ սուր։ Մի թաքուն, անհույս ու պարապ ՙհավատով՚ սպասում ենք, որ էդ ատամհատիկի երեխան կմեծանա ու մի ինչ-որ հրաշքով ստրուկի չի վերածվի, ճորտ չի լինի, այլ կստեղծագործի, կարարի, իսկ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին կգնա մարտի՝ պաշտպանելու մեզ, մեր մայրերին ու քույրերին։

Երբ էդ երեխայի դիմաց լցրել ենք ՙկարտոշկա՚, տուկի թել ու մի բուռ ասֆալտ, ի՞նչ այլընտրանք ունի էդ խեղճը։ Կա՞ արդյոք այլընտրանք ստրուկի վերածվելուն։ Այս հասարակությունն ունի՞ արդյոք այլընտրանքային հեռանկար, թե նորօրյա ֆեոդալների գծածն ու պարտադրածը նրա միակ ՙընտրությունն՚ է (իմա՝ չընտրությունը, եթե ցիտեմ Տիգրան Պասկեւիչյանին)։

Նման այլընտրանք գոյություն չուներ, քանի դեռ հրապարակ չէր եկել ՙԱյլընտրանք՚ նախաձեռնությունը. ես պնդում եմ՝ մե՛նք ենք էն բահը, գրիչն ու վրձինը, որը դնում ենք ատամհատիկ նշող էդ երեխայի՝ մեր հասարակության առջեւ։ Այն, թե արդյո՞ք այդ երեխան կվերցնի գրիչը, թե տուկի թելը, բահը, թե մի բուռ կարտոֆիլը, սուրը, թե մի բուռ ասֆալտը, կախված է ոչ միայն ՙԱյլընտրանք՚-ից, այլեւ էդ երեխայի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր անհատից։ Էն, թե մեր հասարակության ո՛ր մասը ընտրություն կկատարի իրական գաղափարական այլընտրանքի օգտին, ո՛ր մասը կգնա նորահայտ երիտասարդների հետեւից, ցույց կտա, թե որքա°ն արագ հասարակությունն իր մեջ ուժ կգտնի թոթափելու ներկա ֆեոդալական-նվաստացուցիչ, օլիգարխա-սափրագլխային փողասուն լուծը, որն անհամատեղելի է 21-րդ դարում մեր հավակնությունների հետ։

Ինքնահավատների փնտրտուք


Կյանքի մի վճռական ու ծանր փուլում Ջոն Լենոնը գրեց այն տողերը, որոնք մեջբերել եմ հոդվածի սկզբում։ Այսօր ՙԱյլընտրանք՚ շարժումը մի անհնարին թվացող առաքելություն է վերցրել իր ուսերին՝ հեղափոխել հայաստանցու մտածողությունը, սեփական երկրի եւ սեփական անձի հանդեպ նրա վերաբերմունքը։ Թվում է, թե այս սիզիփոսյան տաժանակիր գործում հաջողության հասնելու անկյունաքարը ՙԱյլընտրանքի՚ հանդեպ հավատի սերմանումն է հասարակության մեջ։ Ես կպնդեմ, որ նախքան ՙԱյլընտրանքի՚ գաղափարներին եւ անդամներին հավատալը, յուրաքանչյուրս պետք է հավատանք ինքներս մեզ եւ մեր կարողությանը՝ հասնել փոփոխությունների մեր իսկ կյանքում։

Թող յուրաքանչյուրը կրկնի այս խոսքերը՝ «Ես հավատու՛մ եմ ինքս ինձ, ես գեթ մի փոքր, բայց ունա՛կ եմ շտկելու ինձ շրջապատող կյանքը». այս հոդվածի արդյունքում եթե գոնե մեկ քաղաքացի սկսի ապրել նման համոզմունքով, ուրեմն իզուր չեն մեր ջանքերը։ Աշխարհում բոլոր մեծագույն ձեռքբերումներին հնարավոր է եղել հասնել հավատալով, եւ մինչ Աստծո հանդեպ հավատը վերականգնելն ու ամրացնելը, Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացին պետք է նախեւառաջ վերականգնի հավատը սեփական կամքի ու ոգու նկատմամբ։

Բավական է, որքան մեր խոհանոցներում ու սրճարաններում նստած՝ սուրճ ենք ըմպում ու թերահավատ մտահոգությամբ ծպպացնում ենք՝  «Դե էսպես չի լինի, է՛լի»։ Իսկ ինչու՞ ոչ։ Մեր գահավիժումն ակնհայտ է, իսկ ահա անդունդի հատակն ամեն անգամ փախչում է մեր տակից ու մենք, որպես հասարակություն, մեր անկումը բեկելու հենման կետ չենք գտնում։ Այդ հենման կետը ես եմ, դու ես, մենք ենք. մի փորձիր փրկությունը գտնել քեզնից դուրս, իսկ երբ այն կգտնես քո ներսում, կտեսնես, որ աչքերի նույն փայլն ունեն «այլընտրանքայինները» ու «Սկսել ա...» շարժման խենթ երիտասարդները։ Մեր աչքերի փայլը դու շատ հեռվից կնկատես, կզգաս նույնիսկ մթան մեջ, եւ մեր համատեղ ընթացքը օր օրի, ժամ առ ժամ կարագանա ու կհզորանա։

«Այլընտրանք» նախաձեռնության մեծագույն արժանիքներից մեկն այն է, որ վերջինս բաց դաշտ է ապահովում բոցավառվող աչքերով յուրաքանչյուր հավատավորի համար£ Այո, մեր ճանապարհը չի կարող ընդհանուր լինել ֆաշիստի կամ կոմունիստի հետ, այո, մենք որոշակի գաղափարների կրող ենք, բայց այդ գաղափարախոսության առանցքը դու՛ ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հենց այս պատճառով է, որ մեր ճամփաները հաճախ են հատվելու, իսկ շատերի հետ՝ դառնալու են համատեղ պայքար։

ՙ«Այլընտրանքային » թռիչք

Ճակատագրական զուգադիպությամբ, այսօր ՙԱյլընտրանք՚-ը հրապարակ է գալիս այն նույն առաքելությամբ, ինչ 88-ի Շարժումը. վերջ տալ հասարակության ստրկացման, այլասերման ու փչացման պրոցեսին։ 88-ի Շարժման արժեքները հիմք դարձան ազգային իրական զարթոնքի նույնիսկ տոտալիտար կայսրության պայմաններում։ Դրանք հիմքը դարձան մեր ռազմական ու դիվանագիտական հաղթանակների։
Հիմնվելով այդ հզոր հիմքի վրա, մեր՝ նոր սերունդը առաջ է քաշում Նոր Հայաստանին հարիր, ՀՀ Նոր Քաղաքացուն կերտող, հզորացնող արժեքներ։ Ինչո՞ւ ՙնոր՚։ Հարցն անցած 19 տարիները չեն, որ փոխել են մեզ ու մեր երկիրը, այլ այն, որ 88-ի արժեքները է՛ն Հայաստանի՝ սոցիալիստական-անկախացող–«չոչ անող» Հայաստանի արժեքներն էին, մինչդեռ Նոր Հայաստանը կարիք ունի այնպիսի՛ արժեքների եւ դրանց վրա հիմնված այնպիսի՛ ավանդույթների ձեւավորման, որոնք կապահովեն նրա ԹՌԻՉՔԸ, հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու իրական զարթնում-զարթոնքը։ Արժեքների այդ նոր համակարգը պետք է ձեւավորվի թե՛ վերից, թե՛ վարից. ապագա՝ նոր նախագահից մինչեւ շարքային քաղաքացի՝ բոլո՛րն անելիք են ունենալու այդ կուռ, արժանապատիվ ու առողջ արժեքային համակարգը կայացնելու գործում։ ՙԱյլընտրանք՚ շարժումը ստեղծում է այն դաշտը, որտեղ կձեւավորվեն 21-րդ դարի Հայաստանի ու նրա նոր քաղաքացու արժեքները։

Մայիսի 12-ին, երբ գնանք՝ որոշելու մեր երկրի ապագան, պետք է հավատանք, որ յուրաքանչյուրս ենք ունակ զոհողության գնալու՝ հանուն վաղվա օրվա ու հանուն մեր երեխաների։ Մայիսյան այդ օրերին յուրաքանչյուրս պետք է զոհենք մեր չեղած բարեկեցության, մեր հոգու թվացյալ խաղաղության մի մասնիկը։ Մայիսի 12-ին, համոզված եմ, Հայաստանում կգտնվեն ընդամենը 500 հավատավորներ, ովքեր կշեղեն մեր երկրի ընթացքը ճահճացում-փչացումից։ ՙԻմպիչմենտ՚ դաշինքի շրջանակներում արդեն իսկ Նիկոլի, Հրանտի, Մհերի, Նորիկի եւ մյուս երիտասարդների կողքին կանգնել են Պահպանողական կուսակցության երիտասարդները՝ Վահագնը, Տիգրանը, Զավենը, Նարեկը։ ՙԱյլընտրանքի՚ հրապարակային պայքարին արդեն իսկ աջակցում են մի խումբ պայծառ երիտասարդներ՝ Բելան, Արմենը, Արսենը, Սուրենը, այլոք։ Անիվը շարժվել է, ժամանակի հետադարձ հաշվարկն սկսվել է, Հայաստանում քաղաքական սերնդափոխությունը թափ է հավաքում։

Գտի՛ր քո տեղը մեր շարքերում։ Հրապարակն սպասում է քո կամքին ու քո բռունցքին։ Մեր համառությունը, վճռականությունն ու հաստատակամությունը կկանխորոշեն մեր պայքարի հաղթական ելքը։

Արամազդ Ղալամքարյան
Tags: Այլընտրանք
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments