aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

Դավիթ Մաթեւոսյան. «ՄԵՆՔ ԺՊՏՈՒՄ ԵՆՔ»

Նիկոլ Փաշինյանը զանգահարեց, եւ պայմանավորվեցինք հանդիպել. 2006-ի գարնանն էր:

Հանդիպեցինք Օղակաձեւ այգում: Մենք չորսով էինք. մեր երկուսից բացի, ներկա էին Նիկոլի որդին` Աշոտը, եւ իմ կրտսեր որդին` Ղեւոնդը: Երեխաների մասնակցությունը պայմանավորվածությունից դուրս էր` զուգադիպություն: Մեր 6-8 տարեկան որդիների համատեղ խաղի ֆոնին, Նիկոլի առաջարկությամբ, քննարկում էինք Հայաստանի տվյալ վիճակը չհանդուրժելու եւ այն փոխելուն ուղղված քաղաքական պայքար ծավալելու անհրաժեշտությունը:

Պայքարի մոդելը ակնհայտ էր` փոքր մի բոցից մեծ, հզոր, հուժկու խարույկի ձեռքբերումն է, որը պետք է արվեր համբերատարությամբ, քայլ առ քայլ, առանց հիասթափվելու:

Կայացան այլ հանդիպումներ, մշակվեցին առաջնահերթ ոլորտները բնութագրող եւ նրանցում առկա վիճակը հաղթահարելու` բարեփոխելու ճանապարհները ուղենշող, ծրագրային քաղաքական մոտեցումներ, այդ թվում` պայքարի խորհուրդը` առաջինը լինելու մոլուցքը վերջինը լինելու պատրաստակամությամբ փոխարինելը: Սրանց տակ դրվեցին ստորագրություններ:

Պետրոս Մակեյանի հետ քննարկեցինք ու գտանք պայքարի մասնակից մեր սերնդակիցների դերը այդ պայքարի մոդելի մեջ` լուցկու այրվող մի հատիկ: Չգիտեմ` դեռ որքան է մնացել մեզ այրվելու, բայց որ ածխանալու ենք մինչեւ վերջ, կասկածից վեր է:

Ինչեւէ, սկսեց չոր ու բարակ, դյուրավառ շյուղերի կուտակման գործընթացը, որը կբռնկվեր լուցկու մի հատիկի արձակված ջերմությունից, եւ աստիճանաբար ու հերթականությամբ կսկսեին այրվել չոր ու բարակ, չոր ու միջին, չոր ու թաց` բարակ ու հաստ ճյուղերը, խնդիրն էր ունենալ մի վիճակ` այնպիսի հզոր մի կրակ, որի ջերմությունից կբռնկվեին անգամ հաստ ու թաց կոճղերն ու գերանները:

Հայաստանի ապագայի մոդելի ճշգրիտ ձեւակերպումը, պարզ ու հասկանալի լեզվով, տվեց առաջին չոր ու դյուրավառ շյուղերից մեկը` Մհերը: Ըստ նրա, կարելի է պետությունը պատկերացնել մարդու կերպով ու նմանությամբ. ասենք` Հայաստանը` Հովհաննես Թումանյանի (եւ ոչ միայն) կերպով ու նմանությամբ:

Ճանապարհը, իհարկե, բարդ է, բայց կանխատեսելի: Նախորդ տարվա մայիսի 9-ին` ԱԺ ընտրությունների նախօրյակին, Նալբանդյան փողոցի վրա` ԱԱԾ-ի մոտ, դարձյալ մթության քողի տակ (փողոցային լուսավորությունը նախապես անջատել էին) Ռոբերտ Քոչարյանի կերպով ու նմանությամբ Հայաստանի` սափրագլխի կերպով ու նմանությամբ «իրավակարգի զինվորները» հարձակվեցին խաղաղ երթի մասնակիցների վրա եւ փորձեցին բռնությամբ ցույցը ցրել:

Ցուցարարները անկոտրում էին: Երկու անգամ դեմքիս գազ փչելուց հետո մթագնած գիտակցությամբ ու շղթայված ձեռքերով ինձ տեղափոխել էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Գիտակցությունս դանդաղ վերականգնվում էր: Բերանիս խոռոչն ու լեզուս լրիվ ջրազրկված էին, ձախ աչքս` ուռած ու կիսափակ: Աչքատակս բացված` այտոսկրիս երեւալու աստիճան, արյունոտված, մարմինս տնքում էր մահակների ու սապոգների անկանոն հարվածների հետեւանքով առաջացած ցավից, բաճկոնս պատառոտված էր: Պահանջեցի արձակել ձեռնաշղթաները եւ լվացվելու հնարավորություն տալ: Այդ սափրագլուխը հոխորտաց, որ լռեմ, հակառակ դեպքում իրեն հանձնարարված է ինձ գլխից գնդակահարել: Ես ժպտացի եւ հայտնեցի գնդակահարվելու պատրաստակամությունս: Նա պարբերաբար հեռախոսազանգեր էր ստանում, եւ զանգ առ զանգ նրա վերաբերմունքը իմ հանդեպ մեղմանում էր: Ես շարունակում էր ժպտալ, եւ շուտով ինձ լվացվելու հնարավորություն տվեցին: Սափրագլուխը պատասխանեց հերթական զանգին, եւ լսափողից ինձ լսելի էին ցուցարարների` ինձ ազատ արձակելու պահանջ-վանկարկումները:

Հոգիս փառավորվում էր, անընդհատ ժպտում էի, եւ գնդակահարել սպառնացողն ինձ հետ հարգանքով էր խոսում:

Կրակը բռնկվել էր, եւ ես ազատ էի:

Մի քանի օրից հանդիպեցի Մհերին. դեմքը ամբողջովին այտուցված էր, աչքերը` կիսափակ, բայց նա էլ էր ժպտում: Ես գրկեցի Թումանյանի կերպով ու նմանությամբ Հայաստանի առաջին քաղաքացուն:

Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի վերադարձը քաղաքականություն հզոր շունչ հաղորդեց կրակին:

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, կատարեց ապօրինի հանձնարարություն, եւ խաղաղ, առանց զենքի, ոչ զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցներիս բռնությամբ տեղափոխեցին Կենտրոնի բաժին:

Ինձ առաջինն էին խցկել մեքենա, որի պատուհանից տեսանելի էր այն դրվագը, թե ինչպես են վարվում Նիկոլի հետ: Փակված լինելով` ես անզոր էի որեւէ կերպով օգտակար լինել նրան:

Նիկոլին ծեծում էին մի քանի հոգով, նպատակադրված, առանձին դաժանությամբ, իսկ նա ժպտում էր ինձ ծանոթ ժպիտով:

Միանշանակ ճշմարիտ է Մյասնիկյանի արձանի մոտից` երկրի հակառակ կողմով, Ազատության հրապարակ վերադառնալու որոշումը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը ոստիկանություն եւ հայտարարությունը, թե ինքը դուրս կգա ոստիկանությունից միայն ապօրինի անազատության մեջ պահվողներիս ուղեկցությամբ, սառը ցնցուղ էր իշխանությունների համար:

Մենք ազատ էինք: Թեեւ գիշեր էր ու ցուրտ, բայց հարյուրավոր մարդիկ մեզ ոգեւորությամբ դիմավորեցին ոստիկանության դիմաց: Հարեւան բարձրահարկ շենքի բնակիչները, որոնց գիշերային հանգիստը խանգարվել էր մեզ սպասողների բացականչություններից, վերջիններիս հրավիրել էին թեյ խմելու ու տաքանալու: Մեզ պատշգամբներից ողջունում էին ձեռքերի թափահարումներով:

Կրակը թեժանում էր:

Խոր աշնանը որոշակի առաքելությամբ հանդիպեցի իմ վաղեմի ընկերներից մեկին, որը այլեւս բարիկադների հակառակ կողմում էր: Նա, հավանաբար հենց այնպես` մի բան խոսելու համար, ասաց, թե արժի՞ արդյոք մի բանով զբաղվել, որի համար ինչ-որ սերժանտներ կարող են հարվածել եւ մարմնական վնասվածքներ հասցնել: Ես ժպտացի: Ժպիտս նրա համար անհասկանալի եւ անլսելի պատասխան էր պարունակում. սափրագլխի էությամբ ոստիկանի յուրաքանչյուր ապօրինի հարվածից մենք չենք վհատվում, որից ջարդվում է տասնյակ մարդկանց մոտ վախի ու անտարբերության սառույցը, եւ հետեւաբար մենք ժպտում ենք:

Փետրվարի վերջին տասնօրյակի խարույկը թեժ ու հուժկու էր: Ազատության ու ճշմարտության ջերմությունը տարածվեց ամենուր, Քոչարյանի կերպով ու նմանությամբ Հայաստանի վարագույրները այրվեցին, վախի ու անտարբերության սառույցը հալվեց:

Եւ սրանք գործադրեցին գորշ Հայաստան պահպանելու միակ ու վերջին հուսահատ միջոցը` փորձարկեցին հուժկու խարույկը մարել արյունով:

Իսկ հիմա նաեւ այդ թափած արյան պատասխանատվությունից խուսափելու նպատակով` շինծու մեղադրանքներով մեզ պահում են անազատության մեջ:

Իսկ մենք շարունակում ենք ժպտալ, որովհետեւ վստահ ենք` յուրաքանչյուր օրվա ընթացքում յուրաքանչյուրիս շրջապատում եւ այլուր նորանոր մարդիկ են տրամադրվում Քոչարյանի կերպով ու նմանությամբ Հայաստան չհանդուրժելու վճռականությամբ: Իսկ այն, որ շարժումը ամենալայն տարածումն է գտել հատկապես երիտասարդության շրջանում, հաղթանակ է:



Եւ վերջում` թեեւ վստահ եմ` մեղադրանքը պաշտպանող դատախազը պիտի առարկի եւ դատավորի հետ համերաշխ պիտի նեղսրտեն, թե ասածս դուրս է ինձ ներկայացված մեղադրանքի ծավալից, բայց սա ընդամենը մեջբերում է քրեական գործից:

Հարց.

- Ինչպիսի՞ մասնակցություն եք ունեցել 2008-ի նախագահական ընտրություններին նախորդող նախընտրական փուլին, բուն ընտրություններին եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ:

Պատասխան.

- Վերջինիս վերաբերվում եմ հարգանքով, համարում եմ ամենասկզբունքայինն ու անկեղծը:

Շնորհավոր ծնունդդ եւ բարի վերադարձ:

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Tags: Ազատության հրապարակ, Այլընտրանք, Դավիթ Մաթեւոսյան, Մհեր Մանուկյան, Նիկոլ Փաշինյան
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 5 comments