aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

Տրիվիալ մտքեր. մաս Բ

Նյութականի մասին

Ուշադրության, ժամանակի, միջոցների, մտքերի, մտահոգության այն ծավալը, որն ուղղում ենք նյութականի պահպանմանն ու ավելացմանը, մեզ միայն հեռացնում է հոգեւորից, իրական արժեքներից ու Աստծուց: Կարիերա, պաշտոններ, փող, վայելքներ, փառք, հարստություն, արժեթղթեր, անշարժ գույք, խմիչք, հաշիշ, մարմնական հաճույքներ... Որքա՜ն ողորմելի ենք մենք:

Եթե կա ժամանակի, ռեսուրսների, էներգիայի ծախսման մեկ արժանավոր տեղ, մեկ նպատակ, դա ուրիշին տալն է, անընդհատ տալը: Իրականում չկա «ուրիշ», չկա «օտար», ու չկա ավելի վեհ զբաղմունք, քան մեկ մարդու մեկ օրը դեպի լավը փոխելը: Կյա՞նքը փոխել, մտածելակե՞րպը փոխել, անհավատությունից բերել հավատի՞ - անհավանական է թվում, բայց հնարավոր է. հիանում եմ բոլորն էն մարդկանցով, ովքեր թե իրենց կենդանության օրերին, թե մեռնելուց հետո հենց դա են արել ու անում: Բայց ասում եմ՝ թեկուզ մեկ մարդու մեկ օրը փոխելը էն արժանի նպատակն է, որի համար արժե ծախսել ժամանակ, նյարդեր, զգացմունքներ, էներգիա, միջոցներ:

Մի իսպանական երգում տողեր կային, որոնց շատ նման միտք գտա Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատանիում».

մեկ-մեկ արժե այցելել գերեզմաններ, դիտել շիրիմները, քայլել գերեզմանոցում, մտածել, հասկանալ:

Մեջբերեմ ամբողջ միտքը. «Գերեզմանատունն այնպիսի դպրոց է, որտեղ մեռյալները սովորեցնում են ապրողներին, համրերը՝ խոսողներին: Այբբենարանը կամ ընթերցանության գիրքը շիրիմների մահարձաններն են, որոնք եթե մեկն ուշիուշով ընթերցի, բազում կենսօգուտ բաներ իր համար կգանձի: Կհասկանա, թե ովքեր են թաղվածները, ում են սպասում, ինչ խորհում, ինչպես են իրենց ժառանգություններն ու ստացվածքները թողած՝ մերկ ու կողոպտված պառկել այստեղ: Ճոխաբան լեզուները լուռ են, քաջարվեստ մատները՝ անգործ, սիգաճեմ ընթացքը՝ կաշկանդված, ովքեր չէին տեղավորվում հոյակապ ապարանքներում, երկկանգուն տապանի մեջ են ամփոփված: Սրանք և սրանցից էլ ավելի օգտակար խրատներ են սովորում ապրողները մեռյալներից:»

Նյութը, նյութի պաշտամունքը ուղղակիորեն կապված է մեր նյութական պատյանի հետ, եւ հետեւաբար՝ անցողիկ ու անկարեւոր է: Ի հակադրություն՝ էն ամենը, ինչ մենք կարողանալու ենք մեզ հետ տանել էս կյանքից, որեւէ կապ չունի մարմնի, նյութի, նույնիսկ՝ փառքի հետ: Փա՞ռք: Որտե՞ղ: :) Իսկ «իշխանություն» հասկացությունն ընդհանրապես ծիծաղելի է: Մի հատ մի պահ կանգ առեք ու մտածեք՝ «մարդու իշխանություն մարդու նկատմամբ» :) Մի՞թե ծիծաղելի չէ: Կարելի է նույնիսկ քրքջալ:

Ամենամեծ իշխանությունը, որ մեզ տրված է, սիրելու ու սիրելով բարին բազմապատկելու ունակությունն ու դրա կենսագործումն է: Սա, գուցե, «իշխանության» տարր պարունակում է, բայց միայն՝ հանուն: Հանուն սիրվողի, հանուն փրկվողի, հանուն երջանկացվողի: Իսկ էն, ինչ մենք կոչում ենք իշխանություն, չպիտի ունենա որեւէ այլ ֆունկցիա, քան մարդկանց ավելի ազատ, ավելի համարձակ, ավելի երջանիկ, ավելի սիրող դարձնելը: Մի՞թե դա հնարավոր է: Չգիտեմ: Պատմությունը մեզ դրա օրինակ չի տալիս: Մի՞թե դա նշանակում է, որ եթե մի բան մինչ օրս չի եղել, ապա դա անհնար է: Իհարկե՝ ոչ:

Սիրո մասին

Հասկանում ու կանխատեսում եմ, որ յուրաքաչյուրն ունի սիրո մասին ի՛ր ընկալումներն ու պատկերացումները, բայց ես կփորձեմ ունիվերսալիզացնել. ես չեմ խոսում միայն տղամարդ-կին սիրո մասին, մայր-զավակ, հայր-զավակ, զավակ-ծնող, մարդ-բնություն, մարդ-հայրենիք, մարդ-արվեստ... սերերի մասին: Ես ուզում եմ խոսել էս բոլոր սերերի ու բոլոր էն սերերի մասին, որոնց մասին չնշեցի:

Սիրել, որքանով ես եմ հասկանում, նշանակում է տալ: Առանց դիմացը որեւէ բան ակնկալելու: Սիրել՝ նշանակում է խորապես գիտակցել, որ բոլոր մարդ արարածները, ողջ բնությունն ու Աստված մեկ միասնություն են: Որ չսիրել՝ նշանակում է չսիրել ինքդ քեզ: Չսիրել ուրիշին՝ կնշանակի ատել ինքդ քեզ, վնասել ինքդ քեզ, մեղք գործել: Քանի որ բոլորիս մեջ դրված է սիրելու, ինչը նույնն է թե՝ սիրՎելու պահանջն ու կարողությունը: Չսիրել՝ կնշանակի դեմ գնալ ի սկզբանե ու ի վերուստ որոշվածին... բայց սա չեմ ասում, որ վախենանք «վերեւներից», ոչ: «Վերեւների» հետ մենք մեկ միասնություն ենք: Եվ ուրեմն՝ եթե դեմ ենք գնում մեր ճշմարիտ առաքելությանը, Աստծուն չէ, որ վատություն ենք անում, այլ նախեւառաջ ինքներս մեզ:

Մեր մեջ մանկուց ամբարված՝ սիրելու, երջանկացնելու, դիմացինին կատարելագործելու հսկայական, անափ ու անսահման կարողությունը մեռցնելը, դա չօգտագործելը, դա չբազմապատկելը մեղք է ինքներս մեր նկատմամբ, շեղում է մեր առաքելությունից՝ նախասահմանված ի վերուստ: Դա միեւնույն ժամանակ ուղի է դեպի ավելի լավ Ես, դեպի Աստված, դեպի անմահություն:

Այո, դժվար է սիրել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին: Հասկանում եմ: Ու հեշտ է սիրել իմ Նարեին ու Արեգին, Հրաչին ու Լեւոնին: Դե, բնականաբար: Բայց մի՞թե դա է էն ամբողջը, որին ունակ եմ ես, որի համար եկել եմ աշխարհ, վայելել ու վայելում եմ էն ամենը, ինչ տրվել ու տրվում է ինձ: Մի՞թե էդ ամենի համար վարձահատույց լինելու իմ միակ տարբերակը սիրելն է բացառապես նրանց, ովքեր սիրում են ինձ, սիրելը նրանց, ում դժվար է չսիրել ու հեշտ է՝ սիրել (այդ դեպքում ես ինչո՞վ եմ տարբերվում նույն Ռոբերտ Քոչարյանից): Զգում եմ, որ ոչ. դա չէ միակ տարբերակը: Ու հասկանում եմ, որ ինքնակատարելագործման, ինքնաճանաչման ճանապարհին պարտավոր եմ հասնել Ռոբերտ Քոչարյանին սիրելու կետին: Երեւի պարզ է, որ ՌՔ-ն էս կոնտեքստում արտահայտում է բոլոր նրանց, ում դժվար է սիրել: Ամեն մեկս էլ շատ հեշտ կարող է թվարկել տասնյակ մարդկանց, եթե ոչ՝ հարյուրների, ում ինքը չի սիրում, չի ուզում սիրել, ու, իր կարծիքով, դժվար էլ երբեւէ սիրի... Ու որքան էդ ցանկը երկար, անունները՝ բազմաթիվ են, այնքան երկար է մեր ճանապարհը՝ դեպի Մարդ, դեպի Աստված: Սա՝ հիշենք:

Հայրենասիրության մասին

Այն, ինչ վաղուց ներքուստ աղոտ զգում էի, բայց վախենում էի բացեիբաց խոստովանել թեկուզ ինքս ինձ, հստակ ու անողոք ձեւակերպած գտա Տոլստոյի մի հրապարակախոսական հոդվածում: Ու գիտակցեցի, որ այն, ինչ «ուտում էր» ինձ ներսից, արհեստական չէր, անբարոյական ու դավաճան չէր: Այլ՝ միակ ճիշտն ու հոգեւորը:

Լավ, պարզից էլ պարզ է, որ մարդիկ ունեն տարբերություններ: Այ քեզ գյուտ, չէ՞: Լավ, ընդունեցինք: Բայց ես պնդում եմ, որ ամենաէական, ամենակարեւոր, ամենագլխավոր հարցերում մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք: Սա չափազանց պարզ է, այնքան, որ չեմ կարծում, թե հավելյալ հիմնավորման կարիք ունի: Եվ ուրեմն՝ այդ տարբերություններից մեկն էլ, օրինակ, լեզուն է, պետականություն կոչվածը, երկիրը: Մոտավորապես նույնքան արհեստական ու արհեստածին է հայրենասիրությունը, որքան միայն սեփական կրոնը սիրելը: Կամ՝ միայն սեփական լեզուն: Կամ՝ մյուսներից առավել:

Մեր երկիրն ինքնին բաժանված է բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի մասերի՝ մարզեր, բարբառներ, սովորույթներ, տարազներ, տարբեր ռելիեֆներ, տարբեր կլիմայական պայմաններ, անցած տարբեր ուղիներ, տարբեր էթնիկ կազմություններ, տարբեր կրթական, պատմական, մշակութային ժառանգություններ, «ծնած» տարբեր Մեծեր... շարքն անսպառ է: Հիմա՝ նույն տրամաբանությամբ, որով մենք ատում ենք ադրբեջանցուն, թուրքին, վրացուն, ռուսին, ամերիկացուն, պարսիկին... մենք պետք է ատենք նաեւ մեզնից տարբերին՝ երկրի ներսում: Ու էս կոնտեքստում, համոզված եմ, շատերը թեկուզ ենթագիտակցորեն հիշեցին ղարաբաղցիներին... Շատ իզուր: Մենք՝ որպես հասարակություն, որպես անհատների միություն, պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ սիրելու թե մեր ներսում գոյություն ունեցող Տարբերին, թե «դրսում» գոյություն ունեցող Տարբերին: Քանի որ, կրկնում եմ, այդ տարբերությունները ոչ էական, մանր, անցողիկ տարբերություններ են, պայմանականություններ, որ մեզ վրա դրել են շրջապատը, իշխանությունը, հասարակությունը, պսեւդո-կրթությունը, կեղծավոր եկեղեցին:

Մարդը մարդուն չի կարող լինել այլ, քան եղբայր, այլ, քան քույր: Մնացյալը կեղծ է, անմարդկային, անսեր ու անաստված:

10.06.2012

* * *
Հղումը facebook-ում. https://www.facebook.com/notes/400045523370800/
Tags: love, ЛНТ, ականջդ բեր՝ ասեմ, անձնական, սեր, տրիվիալ մտքեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments