aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

Տրիվիալ մտքեր. մաս Ա, Կամ՝ մարսելով էն, ինչ ինձնից առաջ շատերն են հասկացել ու ձեւակերպել

Հավատի ու կրոնի մասին

Հասկացա, որ ես քրիստոնեա չեմ: Դա տեղի ունեցավ էն բանից հետո, երբ համոզվեցի, որ հավատավոր, հավատացող, աստվածասեր եմ: Զարմանալի ոչինչ չկա. անկախ նրանից, թե ինչ անուն ենք տալիս Աստծուն, Աստված մեկն է, ընդամենը մեն-միակը: Ու գուցե էդ Աստված ընդամենը իմ ու քո հոգին է, բայց միեւնույնն է, նա մեկն է ու միակը: Հետեւաբար, չկա ճշմարիտ կրոնավոր, ճշմարիտ հավատավոր, ով արժանի չլինի հանդուրժման, եւ չկա նման մեկը, ով ինքը հանդուրժող չէ: Նախեւառաջ՝ այլ կրոնների ու դավանանքների նկատմամբ: Այսինքն՝ երբ մեր այսպես կոչված հոգեւորականները հետապնդում են այսպես կոչված աղանդավորներին, նրանք գործում են ընդդեմ Աստծո, ընդդեմ հավատի, մասնավորապես՝ հակաքրիստոնեաբար: Կրոնների տարբերությունը սոսկ արտաքուստ է, ծեսերի, սիմվոլիկայի, ռիտուալների առումով: Հետեւաբար՝ ես գրեթե նույնչափ մուսուլման ու բուդդայական եմ, որքան քրիստոնյա: Էն տարբերությամբ, որ քրիստոնեական տեքստերին, սիմվոլներին ու ծեսերին մի քիչ ավելի լավ եմ ծանոթ: Իսկ ներքուստ, բովանդակությամբ՝ ճշմարիտ կրոնները նույնն են ու չեն կարող նույնը չլինել:

Կարեւոր չէ, թե մարդ արարածին ինչ ճանապարհով ես մոտեցնում Աստծուն, կարեւոր չէ, թե ինչ եղանակներով ես կատարելագործում, մաքրում, երջանկացնում նրան: Կարեւորը, որ մարդ արարածը դառնա ավելի լավը, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի լայնահոգի ու ներող: Եվ ուրեմն՝ ես հարգում եմ կրոնական էն ատրիբուտները, սիմվոլներն ու ռիտուալները, որոնք մարդուն թեկուզ մի փոքր մոտեցնում են Աստծուն: Ես հարգում եմ ՀՈԳԵվոր գրականությունը, երգերը, շարականները, ծեսերը... այն ամենը, որում հոգի կա դրված: Իսկ եթե կա հոգի, չի կարող տեղ լինել անհանդուրժողականության ու ատելության:



Եթե հավատում ես հոգու գոյությանը, ուրեմն հավատում ես Աստծո գոյությանը: Եվ հակառակը. եթե հավատում ես Աստծուն, չես կարող չհավատալ հոգու գոյությանը: Պարտադիր չէ՝ հոգին կոչվի Սուրբ, բայց ինչ էլ մենք հասկանանք Սուրբ բառի տակ, հոգին՝ յուրաքանչյուրի մեջ ի վերուստ դրված հոգին, հենց սուրբ է: Այսինքն՝ անմիջականորեն կապված Աստծո հետ:

Մահվան ու անմահության մասին

Մեր ֆիզիկական պատյանի ոչնչացումը, որից մեզնից շատ-շատերը սարսափում են, չի կարող լինել ավելին, քան պատյանի վերացում: Անհավատին թվում է, թե ամենավատ բանը, որ կարող է պատահել իր կամ իր սիրելիների հետ, դա իր/նրանց մահն է, ֆիզիկական մահը: Ամենեւին: Մահվանից շատ ավելի վատ, ավելի դաժան բաներ կարող են կատարվել մարդու հետ, մարդու հոգու հետ: Մահը նվեր է մարդուն, որ նա կարողանա տեսնել, տարբերել առաջնայինը երկրորդայինից, անանցն անցավորից, մնայունը՝ անցողիկից: Վախենալ մեռնելուց՝ նշանակում է առնվազն 2 բան՝ հավատի պակաս ու խելքի պակաս, կուրություն՝ հոգեւոր ու իմացական: Քանի որ անիմաստ է վախենալ անխուսափելիից: Եվ երկրորդ՝ հիմարություն է վախենալ մի բանից, որը հնարավորություն է՝ ավելի լավը դառնալու, մոտենալու Աստծուն, անմահանալու:

Չընդունել մահը ժպիտով, գոհունակությամբ, չսպասել մահվանն ամեն օր, կնշանակի, որ ապրում ես կյանքդ մեղքի, աղտի, սիրազրկության մեջ: Կնշանակի, որ հոգիդ մաքուր չի, իսկ վախդ անծայրածիր է: Այնինչ՝ մարդն ստեղծված է անվախ, վախից զուրկ, անխոցելի: Քանի որ անխոցելի է հոգին ու կամքը, իսկ խոցելի է ընդամենը մեր ժամանակավոր պատյանը: Չկա որեւէ երկրային ուժ, որն ի զորու լինի կոտրել ամուր կամքը, եղծել հավատավոր հոգին: Հետեւաբար՝ մարդն անխոցելի է, ու դատապարտված է լինել անվախ: Վախենալ մահվանից՝ նվաստացուցիչ է մարդու համար, եւ վիրավորական՝ Աստծո տեսակետից: Քանի որ մահից վախենալով խոստովանում ենք, որ անհավատ ենք ու արժանի չենք էն անսպառ ու անսահման գանձերին, որ մեր մեջ դրվել են ի վերուստ:

Ազատության մասին

Մարդն ի սկզբանե ստեղծվել է ազատ, ինքնուրույն: Աստված, դնելով մեր մեջ թե՛ վեհն ու Աստվածայինը, թե՛ քստմնելին ու անասնականը, հսկայական հարգանք է ունեցել եւ ունի մարդ արարածի հանդեպ, քանի որ միեւնույն ժամանակ օժտել է մեզ որոշում կայացնելու, ընտրելու ազատությամբ, կամքով, մտքով: Չգիտեմ, թե որքանով ենք մենք արժանի եղել այդ հարգանքին ու ազատությանը, բայց փաստը մնում է փաստ:

Ի չարը գործադրված ազատությունը ոչ այլ ինչ է, քան ինքնադատապարտում, սեփական հավիտենական կյանքի ավարտ: Եվ ուրեմն՝ ճշմարիտ խոսքեր են, թե՝ երբ մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տուր: Քանի որ եթե կա աշխարհում մի ճանապարհ, որով կարող ես մոլորյալին ետ բերել, բացել հոգիդ բռնաբարողի աչքերը, այդ ճանապարհը սերն է, հանդուրժողականությունը, բարությունը: Բռնությամբ բռնությանը, չարով չարին պատասխանելը միայն բազմապատկել ու ապագայում էլ բազմապատկելու է բռնությունը, ցավը, տառապանքը, եւ բազմապատկելու է այն հեռավորությունը, որ կա մարդուց մինչեւ Մարդ, Մարդուց մինչեւ Աստված: Այսինքն՝ սեփական ազատությունը, կամքն ու միտքն ի չարս գործադրողը միայն ու միայն վնասում է ինքն իրեն, ոչ երբեք՝ այտը դեմ տվողին:

Եվ հարաբերականորեն ասած, խփողն իջնում է, խփվողը՝ բարձրանում: Խաղաղության ու հաշտության ձգտելը, դրա համար ջանք թափելը, այսպիսով, ոչ միայն բարի է ինքնըստինքյան, այլեւ բարիք է բերում բռնացողին, քանի որ նրա հոգին փրկելու հնարավորություն է ստեղծում:

Մոտավորապես նույնը՝ ազգերի ու պետությունների դեպքում: Որքան եսակենտրոն, որքան զավթիչ, էնքան՝ մեղավոր ու սիրվելու, հասկացվելու, ներվելու կարիք ունեցող:

* * *
Հղումը facebook-ում. https://www.facebook.com/notes/399998270042192/

June 10, 2012
Tags: religion, ականջդ բեր՝ ասեմ, անձնական, կրոն, տրիվիալ մտքեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments