aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

Դա քաղաքական դաս էր

Փորձում եմ պատկերացնել, թե ինչ էր կատարվում Րաֆֆիի ու նրան շրջապատած 20-25 ակտիվիստների հոգիներում, երբ երեք տարվա մեջ ամենամարդաշատ հանրահավաքի հզոր ալիքը, հանց ջրհեղեղ, ողողեց Ազատության հրապարակն ու երեւութականորեն սրբեց-տարավ Րաֆֆիին ու իր ակցիան: Դա հեղեղ էր, որը խիղճ չուներ: Այն ժամանակ, երբ Րաֆֆին դատապարտված տեսքով նստած էր Ազատության հրապարակի նստարաններից մեկին, այդ նույն պահին այդ նույն հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ ցնծում էին, միմյանց գրկում, շնորհավորում, պարում, երգում, վայելում իրենց եռամյա պայքարի հերթական հաղթական հանգրվանը: Ի՞նչ էր կատարվում լուսանցքում հայտնված Րաֆֆիի գլխում, հոգում:

 

Մարդկայնորեն հասկանալի է, որ էդ մարդկային հեղեղը քաղաքականապես նվաստացրեց Րաֆֆիի ակցիան ու հավասարացրեց զրոյի: Ցավալի էր, բայց դա՛ էր քաղաքական պայքարի բնական տրամաբանությունը: Կամ մեզ հետ ես, կամ ոչ: Մենք հզոր ենք, մենք շատ ենք, մենք խելացի ենք:

Ես չմոտեցա Րաֆֆիին, չնայած այլ պայմաններում հաստատ կմոտենայի: Ինքը էդ ակցիան փոխ էր առել Նիկոլից, ու էդքանով արդեն համակրանք էր առաջացնում: Բայց կամ Րաֆֆին իրեն համարում է ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչ, կամ՝ չի համարում: Կամ՝ զբաղվում է քաղաքականությամբ, կամ՝ մնում է 50-60 տարեկան լեւոնատյաց կանանց հիացմունքի առարկա, բայց ոչ՝ քաղաքական գործիչ: Էս որոշումը Րաֆֆիի փոխարեն ոչ ես, ոչ Հրապարակի ժողովուրդը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Հայ ազգային կոնգրեսը չէին կայացնելու: Էս որոշումը պետք է կայացներ Րաֆֆին ինքը:

Դրա համար էլ չմոտեցա, քանի որ գիտեի, թե ինչ որոշում է կայացնելու: Հենց հրապարակում էլ ասեցի բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին Րաֆֆիի հնարավոր ելույթի մասին: Կներեք, բայց ես իմ վատատեսության մեջ ճիշտ էի, քանի որ Րաֆֆիին ճանաչում եմ, որպես գործիչ, արդեն քսան տարուց ավելի:

Կատարվածը քաղաքական դաս էր, որ Կոնգրեսը տվեց Րաֆֆիին ու «Ժառանգությանը»: Ավելին, դա Հայաստանի Ազատ քաղաքացու տված դասն էր Րաֆֆիին ու «Ժառանգությանը»:

2008-ի առաջին հանրահավաքին, նույնիսկ Ազատության տանսօրյակին եթե Վազգեն Մանուկյանը մի ինչ-որ հրաշքով հայտնվեր Ազատության հրապարակի հարթակում, համոզված եմ, որ Հրապարակի ժողովուրդը ներելու էր նրան:

Մեկ այլ օրինակ. հիշեք, թե Րաֆֆին երբ հայտարարեց այն մասին, որ սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը... հիշեք, թե որքան ձգեց... ու երբ արդեն մազ էր մնում՝ զրոյանալուց, հայտարարեց սատարելու մասին: Խոշոր հաշվով, արդեն որեւէ մեկի պետքն էլ չէր նրա այդ հայտարարությունը: Դրանով նա ընդամենը փրկեց իր ու իր կուսակցության դեմքը:

Հիմա նույն վիճակն է: Րաֆֆին զգում է, հասկանում է, կողքից էլ հասկացնողներ կան, համոզված եմ, որ իր ու իր կուսակցության հեղինակությունն օրեցօր մոտենում է ԶՐՈ ցուցանիշին: Այլեւս ակնհայտ է, նույնիսկ Րաֆֆիի համար, որ մի օր ՀՀ նախագահ դառնալու նրա երազանքները, պլանները իրականանալու որեւէ շանս չունեն, քանի դեռ Հրապարակում կան Հայ ազգային կոնգրեսն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այլ կեպ ձեւակերպեմ: Այսօր երկրում փոփոխություններ առաջացնելու տեսակետից արդյո՞ք հասարակությունը իր հույսերը կապում է Րաֆֆիի ու «Ժառանգության» հետ: Կոնկրետ հարց եմ տալիս:

Պատասխան՝ միանշանակ ոչ: Երկրում փոփոխություններ բերելը Րաֆֆիի հետ կապում են երեւի «Ժառանգության» մի 20-30 նվիրյալ ակտիվիստներ: Այլ միամիտներ Հայաստանում դժվար թե գտնվեն:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. իշխանությունը, ի դեմս կոալիցիայի, ուղիղ տեքստով հասկացրեց ինչպես Րաֆֆիին, այնպես էլ դաշնակներին, որ, ըստ իրենց պլանների, հաջորդ խորհրդարանում նրանք տեղ չեն ունենալու: Այսինքն՝ երբ երկրում կա հզորագույն ընդդիմություն, այնպիսի ընդդիմություն, որի նմանը չենք ունեցել 1988-89-ի ՀՀՇ-ից ի վեր, հիմարություն կլիներ ռեսուրս ծախսել այնպիսի անհույս ու թուլացած գործոնի վրա, ինչպիսին ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» են:

Այս դիրքավորման դեպքում ի՞նչ կարող էր անել Րաֆֆին:

Նա ուներ երեք հստակ ընտրություն. առաջին՝ հայտարարել քաղաքականությունից դուրս գալու կամ ՀՀԿ մտնելու մասին, երկրորդ՝ հայտարարեր Հայ ազգային կոնգրես մտնելու մասին, երրորդ՝ փորձեր գնալ վա-բանկ ու հուսահատ ու ծայրահեղ քայլերով փորձեր վերադարձնել ընդդիմադիր դաշտում էն դիրքերը, որն ուներ՝ նախքան Լեւոնի մեծ քաղաքական վերադարձը:

Րաֆֆին ընտրեց երրորդ տարբերակը, ինչի համար ես անկեղծորեն հարգեցի իրեն՝ չնայած 100 տոկոսով վստահ եմ, որ սա անպտուղ քայլ էր: Ավելին, եթե նույնիսկ իր կուսակցությունը վաղը վայր դնի մանդատները, դա էֆեկտ չի տալու, քանի դեռ ասպարեզում կա ՀԱԿ-ը: Բայց Րաֆֆին գոնե փորձեց, իսկ դա հարգանքի արժանի է: Այլ հարց՝ որ սա դատապարտված քայլ է:

Լեւոնը Րաֆֆիին չէր կարող մոտենալ, քանի որ դա կնշանակեր, որ Կոնգրեսը «Ժառանգությանը»  խնդրում է միանալ իրենց: Նման խնդրանք որեւէ ուժի չի արվել ու հուսամ՝ չի արվելու: Բայց Րաֆֆիին աութ-ում թողած հանրահավաքն ինքնին հրավեր էր, ու եթե Րաֆֆին մի քիչ ավելի պակաս ամբիցիոզ, պակաս ինքնասիրահարված լիներ ու մի քիչ ավելի քաղաքականապես հեռատես, նա ինքը կբարձրանար հարթակ, կմոտենար Տեր-Պետրոսյանին ու կասեր, որ բարձրախոսով ուզում է հայտարարել այն մասին, որ ինքն ու իր կուսակցությունը մտնում են Հայ ազգային կոնգրեսի մեջ: Նրան կտրվեր դա անելու հնարավորություն, ինքը դա կաներ, հաշված րոպեների, հաշված վայրկյանների ընթացքում նա քաղաքական изгой-ից կվերածվեր հերոսի, իր անձից վեր կանգնելու ունակ քաղաքական գործչի, ու նրա կարիերան կստանար երկրորդ շունչ: Ավելին, վաղը շանս կունենար դառնալու, օրինակ, Սփյուռքի հարցերով նախարար: :)

Ի՞նչ է տեղի ունենալու հիմա: Առանձնապես ոչինչ: Մոտակա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» չի մասնակցի, այսպես ասած՝ կբոյկոտի, ինչպես արեց Երեւանի ավագանու ընտրություններին: Ավելին, հերթական նախագահական ընտրություններում Րաֆֆին կդնի իր թեկնածությունը ու կհավաքի մի 3% ձայն: Դա բավարար կլինի՝ եւս մի հինգ տարի на плаву մնալու համար, բայց նրան արդեն կլքեն իր մերձավոր քաղաքական ընկերները, իսկ «Ժառանգությունը» կվերածվի մոտավորապես մի այնպիսի «կուսակցության», ինչպիսին էսօր ԱԺՄ-ն է:

Հիմա հարց եմ տալիս ձեզ. մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի գործն է՝ փրկել Րաֆֆիի ու «Ժառանգության» քաղաքական պատիվը, քաղաքական դերը: Մի՞թե դրանով պետք է մտահոգվեն ՀԱԿ-ը, ՀԱԿ-ի համակիրները: Այո՞: Ո՞ր քաղաքական տրամաբանությամբ: Նման բան ասողները քաղաքականությունն ու երկրի ճակատագիրը երեւի շփոթում են մանկապարտեզի ու խաղալիք ավտոյի համար իրար հետ գզվռտվելու հետ:

Ամեն մարդ ու ամեն ուժ ինքն է պատասխանատու իր ընտրած ուղու, իր կայացրած որոշումների համար: Րաֆֆին, ով նույնիսկ հացադուլ է անում, բայց առանց արտահերթ ընտրությունների ՀՍՏԱԿ պահանջի, ապրում է իր վերջին քաղաքական օրերը: Նիկոլից թխած էս ակցիան արդյունք չի տալու, քանի որ էսօրվա հայաստանցին թացը չորից զանազանելու հատկություն է ձեռք բերել: Չորս տարվա պայքարից հետո:

Չեմ չարախնդում: Ցավում եմ: Րաֆֆին համակրելի մարդ է, ու ես չէի ուզի, որ նա դառնար Վազգեն Մանուկյան կամ Արթուրիկ: Իսկ նման հեռանկարից խուսափելու համար նա երեւի ամենաշատը մեկ ամիս ժամանակ ունի:
 
Opposition participants marched to the Liberty Square. Yerevan, Armenia, March 17 (PanARMENIAN Photo/Vahan Stepanyan)

Tags: politics, «Ժառանգություն», ԼՏՊ, Կոնգրես, ՀԻՄԱ, Վազգեն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 80 comments
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →