aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ - 1998. «ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԾՈՎԸ», ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

1. Ինչպե՞ս կբնորոշեիք Մարինե Պետրոսյանի գրական աշխարհը։

Գրական էթիկան խախտելով` քննադատի խոսք եմ մեջբերելու. «Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունը... մեր արևելյան նախնական, մինչմուսուլմանական Արևելքի բանաստեղծության այն տեսակն է, որ թաքուն գիտենք, որ մերն է ու մենք ենք, բայց վախենում ենք խոստովանել։ Բանաստեղծություն, որ մաքուր վիճակում քարացել-պահպանվել է մեր ճարտարապետության մեջ»։ Արածս երևի էթիկայի կրկնակի խախտում է, որովհետև Թադևոս Խաչատրյանի խոսքը, որից մեջբերում կատարեցի, գրավոր է, բայց անտիպ։ Բացատրեմ։ 1993 թ. լույս տեսավ «Զերկալո» թերթի «Հայելի» գրական հավելվածը։ Ես ոչ միայն «Հայելիում» ներկայացված 7 բանաստեղծներից մեկն էի, այլև դրա խմբագիրը։ Հավատալով հավելվածի հաջորդ համարը ֆինանսավորելու՝ ինձ տրված խոստմանը, կազմեցի «Հայելի 2»-ը, մի շարք բանաստեղծների ու քննադատների, այդ թվում՝ Թ. Խաչատրյանին խնդրելով պատասխանել պոեզիայի արդի խնդիրներին վերաբերող հարցերի։ Համարը պատրաստ էր, բայց ֆինանսավորում չեղավ, և այն չտպվեց։

Առաջին հարցին այլ կերպ պատասխանել չէի կարոդ. Թ. Խաչատրյանի բնորոշումը ոչ թե պարզապես իմ պոեզիային տրված ամենաբարձր գնահատականն է, այլ, իմ կարծիքով, ամենաճշգրիտը։

2. Ինչպե՞ս եք ընկալում «Գրողը և ժամանակը» հավերժական բանաձևը։


«Գարունին» ներկայացրածս շարքում մի բանաստեղծություն կա, որը, կարծում եմ, «Գրողն ու ժամանակը» բանաձևն իր մեջ ունի.

Գոռգոռոցը երակներիս մեջ
Միայն ես եմ լսում, Հորացիո։

Իսկ նա, ում տեսնում ես,
Ես եմ՝
Գումարած այս անձրևը։


Մեր սերնդին բաժին ընկած անձրևը շատ էր հորդառատ։ Չգիտեմ՝ ուրիշներն ինչպես, ես ճակատագրին անսահման երախտապարտ եմ դրա համար։ Այս վերջին տասնամյակում բազմաթիվ գրողներ, որ գրականության մեջ իրենց հաստատած ու կայացած էին զգում, հանկարծ կորցրին ոտքի տակի հոդը։ Այդ սարսափելի ճակատագիրն ինձ չի սպառնում։ Մեր ժամանակն այնպես համառորեն է դիմադրում գրականությանը, որ եթե տրվեց, եթե կայացար՝ կայացած ես լինելու բոլոր ժամանակների համար։

3. Համաշխարհային գրական չափանիշներն ու արժեքները հայ մշակույթը և Դուք։

Պատասխանեմ անհամեստ և ուղղակի՝ ես վստահ եմ, որ իմ գրածը աշխարհի չափանիշներով քննություն կարող է բռնել։ Տիրապետող մի կարծիք կա, թե համաշխարհային չափանիշներին մոտենալու համար հայ գրականության ավանդույթները պետք է քանդել։ Համամիտ չեմ։ Աշխարհի գրականությունն այսօր նորարարության կարիք չէ, որ զգում է, այլ կենսական ուժի։ Մեր բանաստեղծության երակներով ինձ այդ ուժը հաղորդվում է։

Վերջերս տարբեր շուրթերից հնչում է Տերյանի հայտնի պնդումը, «Ինչու՞մն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը։ Գեղարվեստականությունը» («Հայ գրականության գալիք օրը»)։ Բայց երբ Տերյանը հայտարարում էր, թե՝ «Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսա-գյուղական գրականություն է եղել», նրա ասած «սկզբից մինչև մեր օրերը» ներառում էր մեր գրականության երկհազարամյա ուղու 70-ամյա մի հատվածը միայն, դեռ դրա արևմտահայ մասն էլ, անձնական ճաշակի քմահաճույքով, անդամահատված: Որպեսզի համոզվենք, ևս մի մեջբերում. «Հայ գեղաովեա տական ստեղծագործությունը կատարել է մի ամբողջական շրջանառություն՝ նա ապրել է մի մոտ յոթանաս նամյա| կյանք...»։ Նկատի առնենք, որ Տերյանի ժամանակ հայ հին և միջնադարյան գրականությունը ոչ միայն ըստ հարկին արժեվորված, այլև իր մի ծանրակշիռ մասով տպագրված ու մատչելի էլ չէր։ Մի՞թե այսօր դեռ կան մարդիկ, որոնց համար հայ գրականությունը Շահազիզով ու Պատկանյանով է սկսվում։ Ինձ համար այն Գողթան երգերով է սկսվում, և նրա շղթայի՝ ինձ անմիջապես նախորդող օղակը Հակոբ Մովսեսն է, որից ես սովորել եմ մեկ տողի մեջ կսկիծն ու ցնծությունն իրար շաղախելու՝ քչերին տրվող արվեստը։

4. Ո՞ւմ կառանձնացնեիք Ձեր սերնդակիցներից եւ ինչու։

Ճակատագրին այս առումով ևս շնորհակալ եմ. իմ կողքին դրել է Վիոլետ Գրիգորյան։ Նրա տաղանդի թափն ինձ ստիպում է մինչև վերջին սահմանը լարել ուժերս, իսկ տաղանդի կերպը, լինելով իմ կերպին ըստ էության հակադիր՝ նորից ու նորից ծանրութեթև անել պոեզիայի մասին իմ պատկերացումները։

5. Ինչպե՞ս եք աշխատում և ի՞նչ եք գրում հիմա։


Հեշտ եմ գրում։ Երեք պայման է պետք՝ մենակ լինեմ, լռություն լինի, հոգնած չլինեմ։ Առավոտյան 10-15 րոպե լուռ նստում եմ՝ առաջին տողը գրվում է։ Առաջինը կա՝ մյուսները կգրվեն։

Աշխատում եմ կանոնավոր, հիմնականում ամեն օր կամ| գոնե օրումեջ։ Երկու շաբաթ չգրելն արդեն ընդմիջում է նշանակում, իսկ ընդմիջումից հետո միշտ թույլ բանաստեղծություններ են ծնվում։ Այս անգամ, հանգամանքների բերումով, դադարը երեք ամիս տևեց։ Մեկ շաբաթ է՝ նորից սկսել եմ գրել, բայց տողերիս մեջ դեռ ուժ չկա։

6. Փորձեք արժեւորել «Գարունում» ներկայացվող Ձեր գործը։

«Կատուներն ու ծովը» շարքի լավագույն հատվածներն ունեն այն զրնգուն պարզությունը, որը եթե նոր գրված տողիս մեջ կա, այն զգացողությունն է ինձ տալիս, թե կեցության առանցքը ներսովս է անցնում։ Ափսոս, շարքի բոլոր մասերը նույն ուժգնությունը չունեն։

7. Ի՞նչ հարցի կուզենայիք պատասխանել, որը չտրվեց։

Ուզում էի հարցնեիք՝ Մարինե, գիրքդ, որ «Ալեք Մանուկյան» մատենաշարով հրատարակվելու էր, ի՞նչ եղավ։
Այդ գիրքս լույս աշխարհ չեկավ։ Տպարանի շեմքից ներս մտավ, բայց դուրս չեկավ։ Նոր գիրք եմ կազմել, ընդգրկում է այն հիմնականը, որ մինչև հիմա գրել եմ։ Եթե կարողացա տպագրել, փորձելու եմ վաճառել։ Ուզում եմ վերջապես ճշտել՝ ես ընթերցող ունե՞մ, թե ոչ։ Եթե ունեմ (կարծում եմ՝ ունեմ)՝ մոտավորապես ի՞նչ թիվ են կազմում նրանք և ովքե՞ր են։
Մաղթեք, որ գիրքս կարողանամ տպագրել։

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԾՈՎԸ

Գարուն է, Հորացիո,
Գետը դուրս եկել ափերից,
Հոսում Է փողոցով Բաղրամյան։

Արև է
Արևից, տես՝ ճաքում է մաշկս,
Բայց ես ժպտում եմ։

Որովհետև երկինքս ավելի է կապույտ,
Քան տխուր է սիրտս։

* * *

Ատում եմ սպիտակ կատուներին, Հորացիո,
Եվ ժպտուն դեմքով հիմարներին։

Արի գնանք խմենք
Դատարկ մայթերի դատարկ լռությունը,
Մինչև մեռնի գիշերն այս, Հորացիո։

* * *

Մի քիչ հաց տուր ինձ,
Այնքան գունատ եմ,
Մարմինս չի կարողանում ժպտալ։

Չէ՞` հացը ծիծաղ է,
Հացը սևահող է ու կատաղություն,
Արյուն Է հացը։

***

Գոռգոռոցը երակներիս մեջ
Միայն ես եմ լսում, Հորացիո։

Իսկ նա, ում տեսնում ես,
Ես եմ՝
Գումարած այս անձրևը։

* * *

Ձեռքերս արյունի մեջ են,
Եվ արյունն ուրիշինն է,
Բայց իմն էր լինելու։

Տես` նույն փողոցն Է,
Բայց մառախուղ չկա,
Եվ իրերը մերկ են։

Իրերն այնքան մերկ են,
Քերծում են աչքերս։

***

Եթե քեզանից հեռացնեն քո մաշկը,
Դու կմեռնես, Հորացիո։

Իսկ ծովը մաշկ չունի։

Ծովը մահվան մարմինն Է
Բաբախուն։

Փողոցը ձյուների մեջ
Նման է նամակի,
Ուր ավետիս կա պահված։

Սիրտս խփում է,
Ինչպես խփում է
Աղբյուրը, երբ հողն է ճեղքում։

***
Կիրակնամուտ է սրտումս, Հորացիո,
Միջերկրականը տալիս են ինձ։

Մի քիչ սառը ջուր տուր ինձ,
Թե չԷ՝
Հանկարծ ու կխեղդվեմ հիմարի պես։

* * *

Դանիան բանտ է, Հորացիո,
Ես նրա արքան եմ
Ու կալանյալը։

Ձեռնաշղթաների զրնգոցով է սնվում Սիրտս,
Դրա համար էլ համառ է։

* * *
Երևանը քաղաք է
Հեռացած օվկիանոսի ափին։

Օրեր կան,
Երբ քամին բարձրացնում է
Աղը մեռած ծովերի։

Ու այն ժամանակ դժվար է
Դառնում շնչելը, Հորացիո։

Եվ արևը սև է ներկում
Ստվերները կարմիր քարերի։

***

Սիրում եմ նոյեմբեր ամիսը
Հաղթանակած աշնան։

Սառն ու զվարթ մերկությունը
Քամուց տարուբեր ծառերի։

Ձմեռը կանգնել դռանը,
Նայում է ուղիղ աչքերիս։
Սիրում եմ ձմեռը, Հորացիո։

* * *

Այնքան շատ ձյուն եկավ՝
Ոչ երկինքն է երևում,
Ոչ ճանապարհը։

Միայն երկուսիս ոտնահետքերն են
Սևին տալիս լռության մեջ։

«Գարուն», փետրվար, 1998




Tags: «Գարուն» ամսագիր, Մարինե Պետրոսյան, պոեզիա, ռետրո
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments