Իմ ու ադրբեջանական գնդակի հանդիպման 10–ամյակը
Թվում է, թե երեկ էր... զինվորներս խմբվել էին գլխիս, իսկ ես մտածում էի, տեսնես սրանից հետո ո՞նց եմ մի աչքով ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալու, ու տեսնես աղջիկները միաչքանու հետ կգնա՞ն ժամադրության... Էդ րոպեներին ես համոզված էի, որ զրկվել եմ մի աչքից... Մնացած վնասների մասին չէի մտածում։ Ուղղակի երբ մի աչքս փակում էի, ոչինչ չէի տեսնում...
Խրամատի մեջ ընկած, երբ սողեսող հասանք մի հատված, որտեղ բլրակը փակում էր ադրբեջանցի հրաձիգի տեսադաշտը, ու մենք համեմատաբար անվտանգ տեղում էինք, գտա մի վայրկյան ու հաջողացրեցի համազգեստիս դիմացի գրպանից հանել փոքրի հայելիս, որը սափրվելու նպատակով միշտ մոտս էր լինում, ու արագ նայեցի դեմքիս... հիշում եմ միայն էն, որ ամեն ինչ շաաաատ կարմիր էր, ներառյալ՝ մի աչքս։ Հաջորդ պահին զինվորներս խլեցին հայելիս, որ ես ինձ չնայեմ, ու մենք սողեսող, տեղ–տեղ՝ ինձ գրկած, հասանք իմ պոստ։ «Սարհատ» էին ասում... սիրուն տեղեր էին. խաղողի լքված այգիներ, սարեր ու բլուրներ, լճակ, բացվող գարուն, կանաչող լանջեր։ Դեպքից մի քանի օր առաջ օրագիր էի լրացնում ու մտածում, որ հիմա Երեւանում աղջիկներն սկսել են «բացվել», հիմա քաղաքը լցվել ա գարնան ու աղջիկների բույրով, կարճ շրջազգեստներով ու ճերմակ լանջերով...
Գիտեի, որ իմ հետ նման բան ա լինելու, կանխազգում էի։ Հրաշալի սերժանտներ ունեի. դեպքից բառացիորեն մեկ օր առաջ զրուցում էինք բլինդաժում, ու ես ասացի, որ իմ հետ դժբախտություն ա պատահելու, ու ես դրան պատրաստ եմ՝ գոնե հոգեպես։ Հիմա չեմ ուզում գրել, թե ինչու էի համոզված, որ պատժվելու եմ. ուղղակի կյանքում կա «հատուցում» հասկացութուն, ու ես գիտեի, որ հատուցելու եմ...
Մարտի 18–ն էր։ Այսինքն՝ նախագահական արտահերթ ընտրությունների առաջին փուլից երկու օր անց։ Մարտի 16–ին սահմանից իջել էինք գյուղ, իհարկե հերթափոխերով, քվեարկելու։ Ես ձայնս տվեցի Ռոբերտ Քոչարյանին։ Չեմ զղջում։ Եթե ժամանակը հետ գնար, կանեի նույնը։ Իմ թասիբն ուղղակի չէր տա, որ Հայաստանս նմանվեր էն երկրներին, որտեղ ժողովուրդը զարթոնքից հետո երշիկ ա կարոտում ու հետ ա բերում իրանց նախկին կոմունիստ առաջնորդին։
Գյուղից որ վերադարձանք պոստեր, մի դիպված տեղի ունեցավ... ու ես կորցրեցի իմ վզի շղթան՝ երկու խաչերով ու Gemini կուլոնով։ Դե վերջինը շատ լավն էր, կրում էի դեռ Լիտվայից, ուր էվակուացվել էինք 88–ի երկրաշարժից հետո, բայց դե կարեւորը խաչերն էին։ Մի հատ համառ ուժ ինձ բլինդաժից հանել էր մոտակա խոտածածկ տարածք՝ փնտրելու իմ շղթան ու խաչը։ Անհույս թվացող գործ էր. տարածքը ֆուտբոլի կես դաշտի չափ էր, խոտերն արդեն ահագին աճել էին, ու մթնում էր։ Էրեխեքս (զինվորներիս մասին էդենց էի արտահայտվում ու նաեւ էդենց էլ վերաբերվում էի իրանց) որ տեսան էդ իմ համառությունը, մի քանիսը փորձեցին ինձ օգնել։ Ու արդեն մթնշաղի մեջ գտա իմ խաչը։ Հանգստություն եկավ վրես. կարծես վերագտել էի ինձ պատսպարող, ինձ օգնող մի ձեռք՝ գլխիս։
Հպարտությամբ եմ հիշում մի դետալ. ախր իմ զինվորին թեւից վիրավորել էին մյու՛ս պոստում, այլ ոչ թե իմ, բայց էրեխեքս, չնայած իրենց մոտ էր թե՛ պաշտոնով, թե՛ կոչումով ինձնից բարձր կանգնած մի սպա, զանգել էին ինձ ու ինձ էին խնդրում գնալ–օգնել Գրիշին։ Իմիջիայլոց, շատ փորձանք բերող լակոտ էր էդ մրոտը. համ իրա գլխին, համ էլ ոնց հետո պարզվեց՝ իմ։
Սահակյան Վիտալի ունեի՝ ռուսի դեմքով ու գույնի տղակ էր։ Բժշկական արկղիկն ու զենքը վերցրեց ու միացավ ինձ։ Առհասարակ, ես իմ զինվորներին շատ էի սիրում, ու բավականին ջանքեր գործադրելուց, փորձություններից ու բանակային երկար օրերից հետո հասել էի մի կարեւոր ձեռքբերման. զինվորներս ինձ հարգում էին ու ավելին՝ սիրում։ Սա գուցե թե իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն ա էղել, եթե չհաշվեմ ընտանիքս։ Աշխատանքային ամենամեծ ձեռքբերումս ա էղել։ Դրան ես հասա մեծ դժվարությամբ, բայց երբ ես արնաշաղաղ ընկած էի, ու տեսա, թե ոնց ա իմ զինվորներից մեկը լացում իմ համար, հասկացա, որ իզուր չեմ անցել էդ ճանապարհը, իզուր չէր, որ Մոսկվայում տոմսս մի քանի օր շուտ հանձնեցի, ուրիշ տոմս վերցրի ու եկա Հայաստան՝ ուղիղ բանակ։ Եթե չլինեին իմ սերժանտները՝ սիսիանցի Ավետիսյան Արմանը (դեպքից հետո մի անգամ ենք հանդիպել, Երեւանում) ու Սողոմոնյան Քերոբը (արդեն տասը տարի ա, ինչ չեմ տեսել իրան), գուցե թե ես էսօր չլինեի։ Շնորհակալ եմ իրանց, որ էդ ժամանակ, երբ մի քանի այլ սպա խուճապի մեջ էին հայտնվել ու չգիտեին, թե ինչ անեն, իմ սերժանտներն իրենց պահեցին իսկական զինվորի, իսկական ընկերոջ ու իսկական տղամարդու պես։
Հետո եկավ մի վիլիս ու ինձ ու Գրիշին հասցրեց Նոյեմբերյան, էնտեղից էլ՝ Վանաձոր, հաջորդ օրը՝ Երեւանի զինվորական հոսպիտալ։ Երեք վիրահական միջամտություններ, մի քսան կար՝ դեմքիս, գնդակի ու ապակու մանր ցլեպներ՝ աչքիս մեջ, կոտրված ծնոտ, անհետացած այտոսկր, շինաներ, ընկերներ, բուժքույրեր, այցելություններ, ձողիկով ճաշ խմել, երկու ամսից ավելի՝ քուն մարմնի միայն մեկ կողմի վրա... ռադիո Nostalgie… պարզվեց, որ աչքս հրաշքով պահպանվել էր, պարզվեց, որ թշնամու գնդակը խփել էր ուղիղ ակնոցիս աջ ապակու կենտրոնին, հետո հարյուրերոդական ակնթարթում արել էր ամբողջ չորս рикошет՝ նախ ակնոցի ապակուց, հետո այտոսկրիցս, հետո՝ ծամող մկանից, եւ վերջապես՝ ծնոտիցս։ Չգիտեմ թե ինչ նախախնամությամբ, բայց բոլոր չորս անգամներն էլ գնդակը դեպի դուրս էր թեքվել ու տանելով թշիս մի 40%–ը, դուրս էր թռել։ Երեկ նկարել եմ ակնոցս, որը փաստորեն իմ փրկիչն էր դառել էդ օրը։ Ակնոցս զինվորներիս ու իմ ընկեր սպաների ջանքերով եկավ–հասավ ինձ, երբ ես հոսպիտալում էի։ Շատ էի ուզում, որ ակնոցս գտնվեր։ Ու ինչքան խնամքով էին բերել ակնոցս հասցրել Երեւան, որ փշուրները մինչ օրս չեն թափվել։
Ամփոփեմ. տասը տարի առաջ մարտը դիմավորեցի արնաշաղաղ գլխով, բայց հպարտ ու գոհ, քանի որ հասկացել էի, որ եթե ողջ եմ մնացել, ուրեմն հատուցել եմ ու ներվել։ Էն ժամանակ արդեն գիտեի, որ մնացած իմ կյանքում չեմ կրկնելու էն սխալները, որ արել էի ուղեղս ջրիկ ժամանակ։ Էն ժամանակ արդեն զգում էի, որ ունենալու եմ էքստրաօրդինար ընտանիք, որ պարգեւ եմ ստանալու, ու էսօր, կնոջս ծննդյան օրը, հստակ գիտեմ, որ երեք տղա ու մի աղջիկ ունենալը, ողջ լինելը, գարուններ դիմավորելը, ներդաշնակ ընտանիք ունենալը, հրաշալի ընկերներ ու պայքարի զինակիցներ ունենալն էն պարգեւն էր, որին արժանացա։ Ծանր էր հատուցումը, բայց արժեր։
Ուղիղ տասը տարի անցավ, ու պատմությունը կարծեք կրկնվեց՝ մասամբ։ Էլի գարուն էր, էլի մարտն էր, էլի արյուն, էլի կարեր, էլի զրկանքներ, էլի թշնամի, էլի պաշտպանական գիծ, էլի մի կարճ շրջան՝ անորոշություն, որին, համոզված եմ, հետեւելու է մեր ժողովրդի արժանանալը մեկ այլ պարգեւի՝ ունենալ ժողովրդի կողմից հարգված ու սիրված իշխանություն, որը հարգում ա էդ ժողովրդին ու սիրում իրա երկիրը։
Քիչ ա մնացել էդ երանելի օրվան։ Ու մենք պարտավոր ենք մոտեցնել էդ օրը։
Առանց զոհողությունների չի կարող լինել հաղթանակ ու հատուցում։ Ես դա լավ գիտեմ։
- Music:"Runaway Train"


Comments
Շնորհավորանքս` կնոջդ ու պաչիկներս` բալիկներիդ:
Պաչերի համար ապրես։
ՀԳ. գուցե մի օր պատմեմ...
Ինչ էր սփյուրքահայ բժշկի անունը ? Մարդը եկել էր իրոք իր ազգին ծառայելու:
Հայկ
Վիրահատելիս երգում էր Թաթայի «Երեւանի աղջիկները» երգը: Լավ մասնագետ էր ու ասող-խոսող բժիշկ, ում հետ շատ հեշտ էր...
Դե էդ օրերին ես արդեն սովորել էի իմ ահավոր դեմքին, բայց որ կարդացի էս գրածդ, զարմացա մի քիչ: Մոռացել էի, որ Քվազիմոդո էի դառել :)
Mane
:(
ափսոսում եմ, որ շատ բան ունեմ գրելու էստեղ, բայց չեմ հասցնում՝ տեխնիկական եւ այլ պատճառներով... :(
առողջություն :ՃՃ
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ։
Սարսափելի ավատար ես դրել քեզ... ։(
ափսոս, ետ տղային չեմ էլ ճանաչում...
ուղղակի, որոշ մերոնք էլ նաև լավ խճճվել են, մոռացել են, թե ում հետ են պատրաստ ապրելու և աշխատելու և ում միայն կարան ծառա և ստրուկ լինել:Ճ
Լցված աչքերով էի կարդում Ձեր գրառումը, նույն վիճակում էլ գրում եմ: Էնքան բան կա ասելու էստեղ, էնքա՜ն բան… Ափսոս, որ խոսքեր չունեմ:
P.S.
Դե ճիշտա էլի ակնոց դնելը, իզուր էլ փոքր ժամանակ ամաչում էինք։
ինչքան էլ վերջի հետ չհամաձայնեմ, խոսք չգտա...